Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, հարձակման ենթարկված թուրքական բեռնատար նավի անձնակազմում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանցից մեկը՝ նավի հրամանատար Ռուստամ Հասանովը, զոհվել է, ևս մեկ ադրբեջանցի՝ Մահամմադ Սուլեյմանզադեն, համարվում է անհետ կորած։ Նավում գտնվող մյուս ադրբեջանցիները փրկվել են, նրանցից երեքը՝ հոսպիտալացվել։
Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները համապատասխան երկրների իշխանությունների հետ համակարգում են տուժած քաղաքացիներին բժշկական և հյուպատոսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու աշխատանքները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ այն տարածաշրջաններ այցելելուց և այնտեղ աշխատելուց, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ կամ անվտանգության իրավիճակն անկայուն է, այդ թվում՝ բարձր ռիսկային երթուղիներով նավերի վրա աշխատելուց։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ նավը խոցվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ռումինիայի իշխանությունները հարձակման պատճառը դեռևս պաշտոնապես չեն հաստատել։
«Royad Mammadov» նավը դուրս էր եկել Ուկրաինայի հարավում գտնվող Իզմայիլ նավահանգստից և ուղևորվում էր Իտալիայի Ռավեննա նավահանգիստ։ Այն Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտում է եղել, երբ տեղի է ունեցել միջադեպը։










