Ռուսական ուժերն անցած գիշեր հերթական անգամ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևին։ Հարձակումների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքի մի շարք շրջաններում պայթյուններ են որոտացել, հրդեհներ բռնկվել, արձանագրվել են հոսանքազրկումներ:
Նոյեմբերի 19-ի երեկոյան Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հայտնել էր, որ Կիևի վրա ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով դրոնի բեկորներն ընկել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածքում։
Կիևի քաղաքապետի խոսքով՝ նաև մի քանի կամուրջ է վնասվել, ինչի հետևանքով Դնեպրի ափերի միջև երթևեկությունը բարդացել է։
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ռուսական ուժերի զանգվածային հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, մոտ 30-ը՝ վիրավորվել:
Նա նշել է, որ թիրախում են եղել քաղաքացիական կառույցներ, էներգետիկ, լոգիստիկ ենթակառուցվածքներ, կամուրջներ և երկաթուղային օբյեկտներ:
Կիևի իշխանությունները բնակիչներին կոչ են արել չօգտվել անձնական մեքենաներից և հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։
Թիրախավորվել են նաև Լվովը և Օդեսան, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին:
Գիշերային հարվածների ընթացքում Լեհաստանի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու ևս ԱԹՍ ու հրթիռներ են ընկել: Հաղորդվում է, որ դրանք ռուսական են եղել: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:












