ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ծաղկաձորում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների և նրանց ուսուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:
Նախարարը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել մրցաշարին նրանց պատրաստվածությամբ, լողով զբաղվելու փորձառությամբ, մարզական նախասիրություններով և հետաքրքրություններով։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ներգրավվածությունը մարզական կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը նմանօրինակ մրցաշարերին և հաջողություն մաղթել եզրափակիչ փուլում:
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:




Մրցաշարի մարզային և Երևանի քաղաքային փուլերն անցկացվել են հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է ընդհանուր առմամբ 1479 աշակերտ, որոնցից 865-ը՝ ՀՀ մարզերից, 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։
Եզրափակիչ փուլում կմրցեն ՀՀ մարզերի հավաքական թիմերը և Երևանի քաղաքային փուլում հաղթած վարչական շրջանների թիմերը։ Յուրաքանչյուր տարիքային խմբում թիմերը կազմված կլինեն 8 մասնակցից՝ 4 աղջիկ և 4 տղա։ Առաջին տարիքային խմբի մասնակիցները ուժերը կչափեն 8×50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբի մասնակիցները՝ 8×100 մետր փոխանցումալողում՝ ազատ ոճով և խառը կազմով։
Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմին կհատկացվի 4 միլիոն դրամ, երկրորդ տեղին՝ 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղին՝ 1 միլիոն 500 հազար դրամ։ Թիմերին նախատեսված դրամական պարգևները համամասնորեն կբաշխվեն հավաքականների անդամների դպրոցների միջև՝ մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով։
Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր մասնակից կպարգևատրվի 150 հազար դրամով, երկրորդ տեղը զբաղեցրած թիմի մասնակիցները՝ 100 հազարական դրամով, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմի մասնակիցները՝ 75 հազարական դրամով։
Կպարգևատրվեն նաև մրցանակակիր թիմերի մարզիչները կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ համապատասխանաբար 150 հազար, 100 հազար և 75 հազար դրամով։ Նշված դրամական պարգևների չափերում ներառված չեն հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Լողի հայկական դաշնության հետ համագործակցությամբ։










