Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան. Ռուսաստանն առայժմ նախապատրաստում է «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների այցը Մոսկվա՝ հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա ընդգծել է, որ բոլորի համար միասնական և անբաժանելի անվտանգության հարցը Ռուսաստանի գլխավոր պահանջն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ շփումներում։ Միևնույն ժամանակ՝ դիվանագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը Մոսկվայի համար անընդունելի է։
«Մենք առաջին հերթին քննարկում ենք մեր երկրի համար անվտանգության երաշխիքները։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա թող նրանք ընդունեն ՆԱՏՕ-ին այդ պետության անդամակցության անթույլատրելիության մասին մեր պահանջի անփոփոխելիությունը։ Երբ դա տեղի ունենա, կարծում եմ, անվտանգության երաշխիքների հարցը այսպես թե այնպես կարող է քննարկվել»,- ասել է Ռյաբկովը։
Նա նաև նշել է, որ այդ առումով Ռուսաստանը մեծ տարբերություն չի տեսնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը պահանջում է լուծում, որը կապահովի Ռուսաստանի անվտանգությունը։









