Քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք  սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական մարմնամարզության (European Gymnastics) պատվիրակությանը՝ քննարկելու 2027 թվականին Երևանում կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Եվրոպական մարմնամարզության գլխավոր տնօրեն Լիզա Վորթմանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերներ։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական մարմնամարզության հետ համագործակցությունը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու առաջնության բարձր մակարդակով կազմակերպմանը։ Նախարարն ընդգծել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումների անցկացման փորձը և միջգերատեսչական համագործակցության ձևավորված մեխանիզմները, որոնք կիրառվում են նաև առաջիկա առաջնության նախապատրաստական աշխատանքներում։ Անդրադարձ է կատարվել մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությանը, մասնավորապես՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցմանը, որի ավարտը նախատեսված է 2027 թվականի մարտին։

Նախարարը նշել է, որ աշխատանքները ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի մշտական վերահսկողության ներքո են։ Անդրադառնալով մարզաձևի զարգացման հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը մարմնամարզության հարուստ ավանդույթներ և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներ ունի։ Նրա համոզմամբ՝ Եվրոպայի առաջնության անցկացումը լրացուցիչ խթան կհանդիսանա մարզաձևի զարգացման, երեխաների և պատանիների շրջանում դրա նկատմամբ հետաքրքրության մեծացման և նոր սերնդի մարզիկների ներգրավման համար։

Եվրոպական մարմնամարզության գլխավոր տնօրեն Լիզա Վորթմանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ նման մասշտաբի մրցաշարի հաջող կազմակերպումը պահանջում է զգալի ֆինանսական, տեխնիկական և կազմակերպչական ռեսուրսներ։ Նա դրական է գնահատել նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առանձնակի կարևորել նոր մարզադպրոցի կառուցումը՝ որպես մարզաձևի երկարաժամկետ զարգացման գործում նշանակալի ներդրում։

Միջազգային գործընկերները բարձր են գնահատել նաև հայ մարմնամարզիկների միջազգային հաջողությունները, մարզչական շտաբի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի աշխատանքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզագույքի հետ կապված հարցեր։ Տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 12-րդ առաջնությունը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում