Ադրբեջանը շարունակում է Հայաստանից ակնկալել ավելի քան 200 զանգվածային գերեզմանի տեղակայման վայրերի բացահայտումը, X-ում նոյեմբերի 19-ին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նույն օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է դեկտեմբերին Ադրբեջան փոխադարձ այց կատարելու մասին։
Հաջիևի գրառումը, հավանաբար, անոնս է, որ Բաքուն քննարկման է առաջարկելու նաև այդ հարցը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաարյունալի մարտերը 1993 թ. դեկտեմբեր – 1994 թ. փետրվար ամիսներին ծավալվել են Քելբաջարի շրջանում։ Ինչպես «1991–1994 թթ. ղարաբաղյան պատերազմը» գրքում ներկայացրել է ռազմական պատմաբան Մամեդ Վելիմամեդովը, ադրբեջանական կողմը հարձակման է անցել 701-րդ մոտոհրաձգային բրիգադի ուժերով, որի կազմում ընդգրկված էր 3500 զինծառայող։
Ըստ Վելիմամեդովի՝ նախապես հաջողությամբ ընթացող ռազմագործողությունը փետրվարի 10-ից սկսած ադրբեջանական կողմի համար «ճակատագրական ընթացք» է ստացել, ուստի փետրվարի 16-ին զորքերին նահանջի հրաման է տրվել։ Հեղինակը գրում է․ «Քանի որ Օմարի լեռնանցքը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ, նահանջն իրականացվեց Սուսուզլուկ–Թեքյաղայա–Աղդաղ նեղ լեռնանցքով դեպի Դաշքեսան՝ տեղում թողնելով ամբողջ ծանր տեխնիկան»։
Վկայակոչելով շրջափակումից հաջողությամբ դուրս եկած զինվորականներին՝ Վելիմամեդովն այսպիսի իրավիճակ է ներկայացնում․ «Բարձրլեռնային խիստ ցրտերի, ձյան և սննդի պակասի պատճառով հարյուրավոր երիտասարդ զինվորներ ցրտահարվեցին, մահացան կամ անհետ կորան, իսկ տաքանալու համար զինվորներն այրում էին իրենց բուշլատները»։
Ըստ Վելիմամեդովի՝ այդ հիմնովին ձախողված ռազմագործողության հետևանքով ադրբեջանական զորքերի կորուստների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտերի ընթացքում 144 զոհի, 111 անհետ կորածի և ցրտահարությունից մահացած 1337 զինվորականի մասին։ Վելիմամեդովը ներկայացրել է դասակի հրամանատարի 19-ամյա տեղակալ Վագիֆ Աբասովի վկայությունը, ըստ որի՝ նահանջի ժամանակ լեռնային նեղ կիրճում կուտակված բազմաթիվ զինվորականներ մնացել են ձնահյուսերի տակ։ Իշխող տեսակետ է, որ 701-րդ մոտոհրաձգային բրիգադը Քելբաջարի ձմեռային ռազմագործողության ընթացքում ունեցել է շուրջ 2500 մարդկային կորուստ։ Նույն տարվա մայիսին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ հրամանատարի մակարդակով հրադադարի համաձայնագիր են ստորագրել։
Բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա, որ ադրբեջանական կողմը Քելբաջարի լեռներում ձնահյուսերի տակ մնացած զինվորականների մարմինները որոնելու և տարհանելու խնդիր է ներկայացրել։ Դա, ամենայն հավանականությամբ, քաղաքական բարձրագույն ղեկավարության որոշումն էր, որպեսզի աղետի չափերը հանրությանը հայտնի չդառնան։ Իշխանական minval politika-ի հեղինակի հայացքով՝ Հայաստանը «զանգվածային գերեզմանների քարտեզները չի ներկայացնում, քանի որ ԴՆԹ-ի հետազոտությունները կարող են բացահայտել խոշտանգման միջոցով մահվան հասցնելու դեպքեր»։
Սա արդեն կողմերի միջև փոխըմբռնման և փոխվստահության նպատակի դրսևորում չէ։ Մանավանդ որ, Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական կողմերից շուրջ 1000 անհետ կորածի ճակատագիրը մնում է չպարզված։
Վահրամ Աթանեսյան










