Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Մոսկվայի մարզին։ 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ, ԶԼՄ-ների տվյալով՝ տարածաշրջանի խոշորագույն նավթաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ տեղական իշխանության՝ ՀՕՊ ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները Մոսկվայի մարզի երկնքում ոչնչացրել են ուկրաինական 185 անօդաչու թռչող սարք։
Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ գիշերն արձակվել է 650 ԱԹՍ։ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ դրանք հաջողվել է խոցել։ Մոսկվայի օդանավակայանների գործունեությունը սահմանափակվել է։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը Դաշնության երկնքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 860-ից ավելի ԱԹՍ:
Ռուսական զորքերն էլ հարվածել են Զապորոժիեին։ Թիրախավորվել է Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը՝ արդեն երրորդը վերջին մի քանի օրում։
Հարվածի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է։ Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Նաև բնակելի կառույցներ են վնասվել, հրդեհ է բռնկվել, հաղորդվում է վիրավորների մասին։










