Ռուսաստանը «բոլոր միջոցներով զգուշացրել է» Կիևում գտնվող օտարերկրյա դեսպանատներին Ուկրաինայի մայրաքաղաքում գործունեությունը շարունակելու վտանգի մասին։
«Մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները բազմիցս համապատասխան նախազգուշացումներ են ուղարկել։ Որոշումը Կիևում դիվանագիտական առաքելություններ ունեցող երկրներինն է»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի մայրաքաղաքում գործող Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Ավստրիայի և Ալբանիայի դիվանագիտական առաքելությունները միանման հայտարարություններ են տարածել, որոնցում նշվում է, որ դեսպանատների աշխատակիցները մտադիր չեն դադարեցնել իրենց աշխատանքը՝ չնայած Կիևն ինտենսիվ ռմբակոծելու մասինԿրեմլի «նախազգուշացմանը»։
Հոկտեմբերի 2-ին The Guardian-ը, հղում անելով երկու բարձրաստիճան դիվանագետների, հաղորդել է, որ ռուսական հարձակումների պատճառով արևմտյան երկրները կարող են իրենց դեսպանատները Կիևից տեղափոխել Լվով կամ Լեհաստան։ Նրանց խոսքով՝ նման ծրագրեր են մշակվում այն դեպքում, եթե Ռուսաստանը սկսի նպատակաուղղված հարձակվել օտարերկրյա ներկայացուցչությունների վրա ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ Մոսկվայի՝ դիվանագետներին վախեցնելու փորձերը նախկինում էլ են ձախողվել։
«Այս արշավը ձախողվեց վեց ամիս առաջ, և այն կրկին կձախողվի հիմա։ Մենք շնորհակալ ենք մեր բոլոր օտարերկրյա գործընկերներին, որոնք մնում և աշխատում են Ուկրաինայում այս դժվարին ժամանակներում»,- ասել է Սիբիհան։










