Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում

Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում

Ուկրաինային օգնություն է անհրաժեշտ միլիոնավոր տոննա հացահատիկ արտահանելու հարցում՝ Սև ծովի փաստացի շրջափակման պայմաններում, նավահանգիստների և նավերի վրա ռուսական ուժերի շարունակական հարձակումների պատճառով, ինչպես նաև 1,1 միլիարդ եվրո՝ տրանսպորտային ծախսերի ավելացման համար։ Առանց այդ միջոցների՝ ֆինանսապես ծանր վիճակում գտնվող գյուղացիները չեն կարողանա սկսել հաջորդ սեզոնի ցանքսը, ինչն ավելի կխորացնի խնդիրը, հաղորդել է Politico-ն։

Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարար Տարաս Վիսոցկին այցելել է Բրյուսել՝ ԵՄ գործընկերների հետ քննարկելու Սև ծովի փոխարեն Եվրոպայով հացահատիկի արտահանման հարցը:

Մինչդեռ,երկու երկիր՝ Լեհաստանը և Ռումինիան, որոնք ունեն ամենամեծ ենթակառուցվածքները՝ թողունակության հնարավորությունները մեծացնելու համար, հայտարարել են, որ ոչինչ չեն անի Կիևին աջակցելու հարցում՝ պատճառաբանելով, որ իրենց տրանսպորտային ենթակառուցվածքների հզորությունը սահմանափակ է։ նշել է Politico-ն։

Ռումինիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ իր գյուղացիների շահերն «առաջնահերթություն են»։ Ուկրաինական հացահատիկի ավելցուկը, Դանուբի ջրի ցածր մակարդակի հետ համատեղ, ծանրաբեռնում են նավահանգիստները՝ խանգարելով ռումինացի գյուղացիներին վաճառել իրենց արտադրանքը, հայտարարել է Բուխարեստը։

Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ «չի նախատեսում որեւէ փոփոխություն մտցնել՝ ուղղված ուկրաինական գյուղարտադրանքի տարանցման ավելացմանը»:

Կիևն առաջարկել է ընդլայնել «համերաշխության գծերը»՝ ուկրաինական արտադրանքը ԵՄ-ով տեղափոխելու այլընտրանքային երթուղիները, դրանք անցկացնելով ոչ միայն հարևան երկրներով, այլև ավելի հեռու, մասնավորապես՝ Գերմանիայի և Նիդերլանդների նավահանգիստներով։ Սակայն նման երթուղիները զգալիորեն բարձրացնում են առաքման ծախսերը, որոնք ուկրաինացի ֆերմերները չեն կարող վճարել առանց զգալի կորուստների։

Վիսոցկու խոսքով՝ եթե ծովային տրանսպորտի շրջափակումը շարունակվի, այս տարի Ուկրաինայում կարող է մնալ մինչև 35 միլիոն տոննա բեռ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում