ՄՄարիամ Մխիթարյան

Ժողովուրդը մեզ սրտաբաց ընդունեց. ռուս խաղաղապահ

Ժողովուրդը մեզ սրտաբաց ընդունեց. ռուս խաղաղապահ

ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն «Սպուտնիկի» հետ զրույցում պատմել է, որ Դադիվանքի պահպանությունը խաղաղապահները սկսել են իրականացնել տեր Հովհաննեսի օրհնությամբ:

«Նախ աղոթեց մեզ համար, հետո ցույց տվեց այն հատվածը, որտեղ պետք է մնանք, հետո ամբողջ տեղանքը, ծանոթացրեց իրադրության հետ: Այնուհետև տեխնիկան տեղավորելուց հետո սկսեցինք տեղակայել դիտորդական կետերը: Մի կետը Դադիվանքի մուտքի մոտ է, մյուսն անձամբ իմ հսկողության տակ կլինի»,- ներկայացրել է սպան:

Կովալենկոն նշել է, թե սպասում էին, որ այստեղ կլինեն թյուրըմբռնման պահեր: «Սակայն մենք սխալվեցինք, տեղացիները մեզ ընդունեցին շատ սրտաբաց: Դա, ճիշտն ասած, իմ բացահայտումն էր: Մարդիկ այստեղ շատ բարեհոգի են, աշխատում են իրենց օգնությունն առաջարկել տարբեր հարցերում: Մեծամասնությունը բարոյական աջակցություն է ցույց տալիս: Մեր երախտագիտությունը հայտնենք այդ մարդկանց: Երբ եկանք, սկզբում նրանք շատ ճնշված էին, գալիս էին այս վայրին հրաժեշտ տալու, բայց մեզ տեսնելով՝ ոգևորվեցին ու փորձում էին օգնել մեզ, երախտագիտության խոսքեր էին մեզ ուղղում: Շատ հաճելի էր դա լսել: Մեզ տեսնելով՝ նրանց մեջ ինչ-որ հավատ արթնացավ»,- ընդգծել է նա:

Ավագ լեյտենանտը տեղեկացրել է, որ խաղաղապահները պատրաստվում են պայմանավորվածությանը, որն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 25-ին: «Այսօրվանից արդեն աշխատանքն ընթանում է, տեղակայում ենք դիտորդական կետեր, իսկ նոյեմբերի 25-ից հետո կլինեն պլանավորված գործողություններ՝ ադրբեջանական ու հայկական կողմերի հետ համաձայնեցված»,- շարունակել է զինվորականը:

Նա պատմել է, որ զինվորական և մշակույթի պատմություն է սիրում և որևէ վայր մեկնելուց առաջ իր խմբի հետ պատմական, ազգագրական դասընթացներ է անցկացնում: «Իմ զինվորները գիտեն այս երկրամասի պատմության ու հակամարտության նախապատմության մասին: Բայց Դադիվանքը մոտիկից տեսնելուց հետո հասկացանք ու նորովի գնահատեցինք հայ ժողովրդի ազգային արժեքը»,- եզրափակել  է ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում