Ընդամենը մի շաբաթ առաջ Բաքվից Անկարայի հասցեին հայտարարություններում բացահայտ սառնություն ու դժգոհություն էր զգացվում, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Իլհամ Ալիևի՝ փակ դռների հետևում առանձնազրույցից հետո Ալիևի շուրթերից Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովեստի արժանացավ՝ նոյեմբերի 8-ի Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի բանակցությունների մասին գրել է Azad Soz առցանց լրատվամիջոցը։
Հոկտեմբերի 2-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանին ոչ ոք չի օգնել։
Նոյեմբերի 8-ին նա խոստովանել է, որ պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը միայնակ չէ, ինչն «անգնահատելի աջակցություն էր»։
Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին և հույս հայտնել, որ այն կհանգեցնի կոնկրետ արդյունքների։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան մեկ տարի առաջ նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, սակայն վերջնական ստորագրությունները դեռևս չեն դրվել դրա տակ»,- ասել է Ադրբեջանի նախագահը և հավելել, որ «դրա համար որոշ պատճառներ կան»։
Իր հերթին, Թուրքիայի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին լիակատար աջակցություն է հայտնել։
Էրդողանը միաժամանակ վերահաստատել է, որ Թուրքիան շարունակելու է անվերապահորեն կանգնած լինել Ադրբեջանի կողքին՝ առաջնորդվելով դաշնակցային պարտավորություններով և Շուշիի հռչակագրի ոգով։
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը։ Թուրքական լրատվամիջոցներն արձանագրել են կարևոր հանգամանք․ ադրբեջանական կողմից արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Բայրամովը և Հասանովը Էրդողանին դիմավորելու արարողությանը և բանակցություններին չեն մասնակցել։
Թեև արտաքին տպավորություն է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ադրբեջանի նախագահը մնացել է իր բարձրության վրա և Էրդողանը «հարգանքի տուրք է մատուցել» նրան, նոյեմբերի 8-ին կայացած Ալիև-Էրդողան համատեղ մամուլի ասուլիսը վկայում է, որ պաշտոնական Անկարային հաջողվել է Բաքվի հետ խորքային կապերը պահել «մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգի ուղեգծում։
Ալիևի հետ հանդիպման նախօրեին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Դիտարժան է, որ նույն օրը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը TRIPP նախագծի տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքի մեկնարկի ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածել։
Վահրամ Աթանեսյան










