Հայաստանում հաստատվել է մեկ դոմինանտ կուսակցությամբ քաղաքական համակարգ. մյուս ուժերը կամ հակաժողովրդավարական են կամ շատ թույլ՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ մրցակցելու համար, կարծում են փորձագետները, համաձայնում նոր ընդդիմության անհրաժեշտության մասին վարչապետի պնդումներին:
Փաստարկը հետևյալն է՝ մի կողմից ստեղծված անմրցակից իրավիճակը ճիշտ չէ ժողովրդավարության տեսանկյունից, մյուս կողմից՝ ազատ տարածություն է թողնում դրսից կառավարվող կամ կոռուպցիոն ուժերի գործունեության համար:
Իսկ ի՞նչ անել: Մասնագետները վստահ են՝ հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց կարելի է ստեղծել պայմաններ ու մթնոլորտ, որը բարենպաստ կլինի նոր ուժերի ի հայտ գալու և հակառակը՝ կոռուպցիոն ուժերի դուրսմղման համար:
Անհրաժեշտ է նախ և առաջ փակել կոռուպցիոն փողերի ճանապարհը, հետո նաև խրախուսել, որ օրինակ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և կոնկրետ արդյունք գրանցելու դեպքում կուսակցությունները պետական ֆինանսավորում ստանան:
Մեկ այլ խնդիր է՝ այնպես անել, որ չձևավորվի գրպանային ընդդիմություն: Սա մյուս ծայրահեղությունն է, որը թույլ տալը ևս կնշանակի ժողովրդավարության հետընթաց, նկատում են մասնագետները, հույս կամ վստահություն հայտնում, որ կառավարող ուժը դրան չի գնա:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան












