Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս ռազմաճակատի գծում:
«Դա պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է: Սառեցնել և դադարեցնել: Դա նվազագույնն է, որ մենք այսօր ցանկանում ենք Ռուսաստանից»,- նշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո Կիևը կդիմի ԱՄՆ-ին և եվրոպական գործընկերներին անվտանգության երաշխիքների հարցով:
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան կողմ է ամերիկացի և ռուսաստանցի բանակցողների հետ եռակողմ բանակցությունների հնարավորինս շուտ, ցանկալի է՝ նոյեմբերի սկզբին:
ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նա կարևոր է համարել, իսկ առաջիկա եռակողմ բանակցությունների օրակարգում, Զելենսկու խոսքով, պետք է լինի պատերազմի ավարտը և առաջնորդների մակարդակով հանդիպման նախապատրաստումը: Ուկրաինան աջակցում է հրադադարի ցանկացած ձևով, շեշտել է նա:
Հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ դրա նախորդ օրը Օսլոյում կայացած բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ քննարկումները կառուցողական էին և կշարունակվեն տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցություններով: Նա միևնույն ժամանակ նշել է, որ դեռ կարևոր աշխատանք կա անելու:










