ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է «էականորեն» կրճատի ուրանի հարստացման իր հզորությունը՝ Վաշինգտոնի պահանջները բավարարելու և յոթնամսյա պատերազմը դադարեցնելու համար: Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալության հետ բացառիկ զրույցի ընթացքում։
«Եթե չեք ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ մինչև 60% հարստացված ուրանը։ Եվ եթե ցանկանում եք ցույց տալ ձեր հանձնառությունը միջուկային զենք չմշակելու հարցում, մի՛ արտադրեք բարձր հարստացված ուրան։ Սա հիմնական հարց է և ամեն ինչի բանալին»,- ասել է Վենսը։
ԱՄՆ-ն դարձյալ բաց է համաձայնագրի կնքման համար, սակայն Իրանից կոնկրետ զիջումներ է պահանջելու միջուկային ոլորտում՝ հավելել է փոխնախագահը: Նրա խոսքով ՝ ցանկացած համաձայնագիր Իրանից պահանջելու է ուրանի հարստացման հզորության կրճատում, այլ ոչ միայն հավաստիացումներ միջուկային ծրագրերի հետագա կրճատման վերաբերյալ:
ԱՄՆ փոխնախագահը միաժամանակ նշել է, որ իրավիճակը բարդանում է անորոշությամբ, թե ով է ճիշտ որոշումներ կայացնում Թեհրանում։ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, բայց պարզ չէ, թե որքան լայն են նրանց լիազորություններն Իրանի քաղաքական համակարգում, հատկապես՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո։
Ի պատասխան ամերիկյան կողմի այդ հայտարարությունների՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է. «Ամերիկացի պաշտոնյաները լավ գիտեն, թե Իրանում ինչպես է գործում որոշումների կայացման համակարգը: Խնդիրն ամերիկացի պաշտոնյաների հակասական դիրքորոշումները և երկիմաստ հայտարարություններն են»:










