ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի շրջանակում մասնակցել է «Ապագա առաջնորդների ձևավորում. բրիտանական կրթություն և տաղանդների զարգացման գերազանցություն» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննարկմանը մասնակցել են նաև «Educate Ventures Research»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինը, «Cambridge Partnership for Education»-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի տարածաշրջանների կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդեհ Հովասափյանը և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) բիզնեսի զարգացման տնօրեն Հելեն ՄաքՎեյը։
Կրթության ոլորտի փորձառու մասնագետները կիսվել են իրենց տեսակետներով, թե ինչպես կարող են կրթական համակարգերը նպաստել նոր սերնդի հմտությունների զարգացմանը և ձևավորել ապագայի մարտահրավերներին պատրաստ առաջնորդներ։
Ինչպես կարող է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանն ու տաղանդների զարգացմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է այն նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանն ու տաղանդների զարգացմանը, նախարարը նշել է, որ ծրագիրն իր մասշտաբով և ազդեցությամբ կարող է ամբողջությամբ վերափոխել հանրությունը։
«Ծրագիրը նախաձեռնելու առաջին փուլում գրեթե ոչ ոք չէր հավատում դրա իրագործմանը, իսկ այսօր արդեն հարցերը հիմնականում վերաբերում են ավարտի ժամկետներին։ Ծրագրի հաջողության գրավականներից մեկը սովորելու կարողությունն է, քանի որ այն առաջին հերթին իրականացնողներից է պահանջում շարունակաբար սովորել և զարգանալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։
Որակյալ կրթության հասանելիությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական նպատակներից է
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր կրթական բարեփոխումների ընդգրկունությանը։ Ընդգծվել է, որ «Ակադեմիական քաղաքի» նման լայնածավալ ծրագրի իրական ազդեցությունը պետք է զգալի լինի ոչ միայն ակադեմիական հանրույթի կամ առանձնահատուկ առաջադիմություն ցուցաբերող ուսանողների, այլև սովորական ուսանողների համար։ Այդ համատեքստում կարևորվել են դասավանդման ակադեմիական միջավայրը, կրթական համայնքի ձևավորումը, դասավանդման մակարդակի բարելավումը և սովորողների վստահության ամրապնդումը։
«Ակադեմիական քաղաքը»՝ երկարաժամկետ տեսլական
«Cambridge Partnership for Education»-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի տարածաշրջանների կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգն «Ակադեմիական քաղաքը» բնորոշել է որպես երկարաժամկետ տեսլական՝ կարևորելով տարբեր կլաստերների համախմբումն ու գերազանցության ձգտումը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումը պետք է փոխկապակցված լինի նախադպրոցական և դպրոցական կրթության զարգացման հետ՝ ապահովելու աշակերտների պատշաճ պատրաստվածությունն ու բարձրորակ համալսարանական կրթության հասանելիությունը։
Առանձնազրույց Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինի հետ
Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև առանձնազրույց է ունեցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր, «Educate Ventures Research»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոուզ Լաքինի հետ։
Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ ձևավորված համագործակցությունը և խորհրդատվական նշանակալի աջակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում։ Նախարարը կարևորել է միջազգային առաջատար կրթական և գիտական հաստատությունների փորձի ներգրավումը ծրագրի տարբեր ուղղությունների մշակման գործընթացում՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը նպաստում է լավագույն միջազգային փորձի տեղայնացմանն ու Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և դրա ազդեցությանը կրթական գործընթացի վերափոխման վրա։ Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության գործիքների արդյունավետ և պատասխանատու կիրառման, ուսուցման և դասավանդման նոր հնարավորությունների, ինչպես նաև արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրում սովորողների ու մանկավարժների համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման վերաբերյալ։
Երկխոսություն՝ Հայաստանի ապագա ներուժի մասին
Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը միտված է բիզնես կապերի զարգացմանը, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնմանն ու Հայաստանի ապագա ներուժի շուրջ բովանդակալից երկխոսության խթանմանը։ Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանահայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։










