ԿԿարմեն Ղուկասյան

Մի քանի ծրագիր ունենք, որոնցով արհեստական բանականությունը ներդրված է մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Մի քանի ծրագիր ունենք, որոնցով արհեստական բանականությունը ներդրված է մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Մենք մի քանի ծրագիր ունենք, որոնցով այսօր արհեստական բանականությունը ներդրված է մեր դպրոցներում։ Դրանք իրականացրել ենք մասնավորի հետ և բավականին լուրջ հաջողություններ ունենք։ Այդ մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը մասնավորապես նշեց «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որն իրականացվում է արդեն 40 դպրոցում, որտեղ ավագ դասարանների աշակերտները սովորում են մաթեմատիկա, Python (Փայթոն) ծրագրավորում և արհեստական բանականության հիմունքներ։

«Սա ավելի մասնագիտացված կրթության հիմքեր է ապահովում, և արդյունքներն այնպիսին են, որ մեր այս ծրագիրը համարվել է օրինակելի և հաջողված, նաև միջազգային տարբեր հարթակներում ներկայացվում է որպես հաջողված փորձ»,- ասաց նախարարը։

Երկրորդ ծրագիրն իրականացվում է «Սինոփսիսի» և Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության հետ։ Դա STEP.ai արհեստական բանականության ծրագիրն է՝ ավագ դպրոցականների համար նախատեսված եռամյա հիբրիդային ծրագիր, որն իրականացվում է ավելի քան 20 դպրոցում։

«Այստեղ էլ բավական լավ արդյունքներ ունենք»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը։

Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն հարցին, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը, նախարարը նշեց՝ դա լուրջ խնդիր է, և իսկապես այստեղ կա օրենսդրական բաց։

«Այդ օրենսդրական բացը հրատապ է, ու ես մտածում եմ, որ առաջիկա ամիսներին մենք մեր անելիքը պետք է կենտրոնացնենք հենց արհեստական բանականությունն օգտագործելու կանոնների սահմանման ուղղությամբ։ Հիմա մշակվում են մեթոդական գործիքներ, նաև կա պաշարների շտեմարան, որտեղ բառացիորեն այս երկու օրում տեղադրվել են նոր գործիքներ։

Սրա հետ համադրելով արհեստական բանականության օգտագործման կանոնները սահմանող օրենսդրությունը՝ կարծում եմ՝ կկարողանանք ավելի կառավարելի իրավիճակ ունենալ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում