Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ

«Շատ մեծ նորություն ունեմ բոլորիդ համար. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար։ Ոչ մի անձ նկատի առնված չէ այդ Սահմանադրության մեջ»։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ նոր նախագծով նախատեսվում է լուծարել Անվտանգության խորհուրդը՝ Փաշինյանը նշեց. «Անվտանգության խորհուրդը նախագահական, կիսանախագահական համակարգերին բնորոշ կառույց է, երբ նախագահը գերագույն հրամանատարն է, պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը, ուժային կառույցների ղեկավարները, արտաքին գործերի նախարարը նշանակվում են վարչապետի ներկայացմամբ, բայց իրենք ուղիղ ենթարկվում են նախագահին, Կառավարության անդամ են, և Անվտանգության խորհուրդն այդ ճեղքը լրացնելու համար է։

Կառավարման խորհրդարանական համակարգում այդպիսի խնդիր չկա, որովհետև, ըստ էության, կառավարությունն ինքը Անվտանգության խորհուրդ է, ամեն ինչի խորհուրդ է, և, հետևաբար, մարմնի գոյության իմաստը պարզապես չկա, որովհետև, իհարկե, Կառավարությունում կարող է լինել, այդպիսի պրակտիկա կա՝ անվտանգության գծով խորհրդականի ինստիտուտ կա, բայց ես վստահ չեմ. այն էլ ԱՄՆ-ի մաքուր նախագահական համակարգի մաս է, բայց իմ ընկալումն այն է, որ գործնական աշխատանքի մեջ ճեղքը տեսնում եմ։ Շատ հարցեր կան, որ մենք օրենսդրության բերումով Անվտանգության խորհրդում ենք քննարկում, բայց ես, օրինակ, կարծում եմ, որ կառավարության ֆորմատով այդ հարցերը քննարկելն ավելի արդյունավետ կլինի։

Կա նաև այսպիսի մի առանձնահատկություն. բոլոր որոշումները (գուցե որոշումներ կան, որոնց դեպքում այդպես չէ), որոնք Անվտանգության խորհուրդը կայացնում է, հետո գալիս են Կառավարություն և հաստատվում։ Այսինքն՝ հին՝ կիսանախագահական համակարգում հենց դրա համար է Անվտանգության խորհուրդը, որ Կառավարությունը չասի՝ «Մի րոպե, այս ի՞նչ որոշում է, այս ո՞վ է բերել»։ Այսինքն՝ նախագահի և Կառավարության միջև ճեղքը լրացնելու համար է։ Նոր համակարգում այդպիսի բանի անհրաժեշտություն չկա, որովհետև, էլի, ԱԽ-ի բոլոր անդամները գործադիրի անդամներ են։ ԱԽ-ում չկա գործադիրից դուրս անդամ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում