ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը մեր ներքին պրոցեսների արդյունքում է դարձել օրակարգային հարց, այսինքն՝ այստեղ ՌԴ-ն ամենաառաջնային դերը չունի, այսինքն՝ մենք էլ ենք ընդունում, որ այսպիսի հարց լինելու է, և այսպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է։ Մենք դա չենք էլ թաքցրել։ Հարցն այդ հանրաքվեի ժամկետների և դրա հարակից բովանդակության՝ բավարար չափով հասունացած լինելու մասին է։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե դեկտեմբերին ՌԴ նախատեսվող այցերը կարո՞ղ են հանգեցնել նրան, որ Ռուսաստանն իր օրակարգից հանի ՀՀ-ին ներկայացվող ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը։
Լրագրողը նաև հետաքրքրվեց՝ այցերը պայմանավորվա՞ծ են ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրներով, ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունի այցերից Նիկոլ Փաշինյանը, և բանակցային սեղանին ի՞նչ հարցեր են դրվելու։
Փաշինյանը նախ տեղեկացրեց՝ մինչև տարվա վերջ երեք այց է նախատեսվում, ապա պարզաբանեց. «Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում լինում է ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափով առաջնորդների հանդիպում, այսինքն՝ ամեն տարի է դա լինում, այս տարի էլ է լինելու։
Մյուսը դեկտեմբերի 11-12-ը նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական, այսինքն՝ վարչապետների ձևաչափով հանդիպումն է, որն էլի վաղուց պլանավորված հանդիպում է, այսինքն՝ երեքից երկուսն այդ ձևաչափով են։
Եվ նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա, ՌԴ նախագահի հետ կունենամ հանդիպում, քննարկում։ Բոլոր երեքն էլ նախապես հայտարարված են եղել։ Դուք հիշում եք, որ Բիշքեքում հանդիպման արդյունքներով ասացինք՝ ՌԴ նախագահն էլ ասաց, ես էլ ասացի, որ այս ընթացքում այց կլինի, որպեսզի ընթացիկ հարցերը քննարկենք»։









