Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան

Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան

Շատ կարևոր է մեր միջոցառումների ծրագրի՝ նոր Սահմանադրության ընդունման կետը, բաժինը, և մենք առաջիկայում մտնելու ենք այս պրոցեսի գործնական իրագործման փուլ։ Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը, որը մշակվել է որոշակի քննարկումների արդյունքում՝ որպես նախնական նախագիծ, իհարկե, իր ներսում ունենալով այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են, այդ թվում՝ նախորդող շրջանում՝ նախընտրական քարոզչության ընթացքում: Եվ պիտի արձանագրեմ, որ երեկ խորհրդարանական քննարկումների ընթացքում այս պրոցեսի շատ կարևոր շերտեր բացահայտվեցին, որովհետև, ի վերջո, հարցուպատասխանի վերջում, ես կարծում եմ, շատ կարևոր շեշտադրմամբ հանդես եկա, և կարծում եմ՝ այդ հարցը պետք է պատասխան ստանա: Օրինակ՝ «Հայաստան» խմբակցությունը, որի մաս է նաև ՀՅԴ-ն, արդյոք հավատարի՞մ է Միասնական Հայաստանի տեսլականին։ Դա, ի դեպ, ՀՅԴ-ի ծրագրային տեսլականն է։ Նրանք պիտի այս հարցին հստակ պատասխան տան, որովհետև սա ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչու են այդ քաղաքական ուժերն այդքան դեմ սահմանադրական փոփոխություններին, և ինչու են այդքան հիշատակում 1990 թվականի Անկախության հռչակագիրը։

Ի վերջո, մենք պետք է արձանագրենք մի բան, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի, որովհետև մենք, ըստ էության, Դաշնակցության՝ Միասնական Հայաստանի տեսլականը դրել ենք մեր պետության հիմքում. դա է պատճառը։ Այո՛, պետք է արձանագրել, որ Հայոց համազգային շարժման առաջնորդությունը, իհարկե, քաղաքական կոմպրոմիսների բերումով և այլն, ստեղծել է դաշնակցական Հայաստան։ Սովետական Հայաստանը տրանսֆորմացվել է դաշնակցական Հայաստանի։ Դա է պատճառը, որ հետագայում Հայաստանում այլ քաղաքական ուժեր չեն եղել, եղել են դաշնակցական քաղաքական ուժեր, որովհետև Անկախության հռչակագրի մեջ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսին է Արևմտյան Հայաստանը, հստակ հղում կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման գործընթացին, և հիմա շատ կարևոր է արձանագրել, թե ինչու չպետք է մենք Սահմանադրության մեջ կապ ունենանք այս դրույթների հետ: Որովհետև դրանով այդ փաստաթուղթն ապահովել է ՀՀ-ի այնպիսի դիրքավորում, որ կոնֆլիկտային տրամաբանության մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունը, և մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը դուրս դնենք կոնֆլիկտային տրամաբանությունից, որովհետև Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը։ Մենք պետք է առերեսվենք այս փաստին։

Շատ հստակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը հարց եմ տալիս՝ արդյո՞ք իրենք պաշտպանում են Ղարաբաղի և ընդհանրապես Ադրբեջանի հայության վերադարձի իրավունքը։ Շատ հստակ այս հարցին պետք է պատասխանեն, ընդ որում՝ սրանք թակարդ-հարցեր են, որովհետև մի դեպքում նրանք պիտի արձանագրեն մեր քաղաքական նպատակադրումների լեգիտիմությունն ու արդարությունը, մյուս դեպքում՝ պետք է հրաժարվեն իրենց քաղաքական ինքնությունից. այսինքն՝ իրենք պետք է դուրս գան և ասեն, որ իրենք իրենց քաղաքական ինքնությունից հրաժարվում են։ Հիմա, եթե «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները պաշտպանում են Ադրբեջանի հայերի վերադարձի իրավունքը, դրա արձագանքը 300 հազար ադրբեջանցիներն են։ Մենք սրանց պետք է շատ հստակ առերեսվենք։ Խնդրին առնչվելու երկու մոտեցում կա. առաջինը՝ դու ասում ես՝ 300 հազար ադրբեջանցի, ուրեմն ես էլ ասում եմ՝ 500 հազար բաքվեցի, սումգայիթցի, կիրովաբադցի, ղարաբաղցի և այլն, բայց այս տրամաբանությունն արդեն բախման տրամաբանություն է։ Երկրորդ տրամաբանությունն այն է, որ մենք մեր դիրքորոշումները հենում ենք լեգիտիմ տրամաբանության վրա. մեզ հետաքրքիր չեն ուրիշների դիրքորոշումները։ Մենք մեր դիրքորոշումները կառուցում ենք մեր ունեցած լեգիտիմության վրա, որովհետև դա մեզ տալիս է ամրություն, դա մեզ տալիս է դիմակայունություն, և դա մեզ տալիս է հասկանալիություն մեր տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունների մեջ։ Հետևաբար, նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ երեկվա խորհրդարանական քննարկումների արդյունքում հենց այս շերտերը բացահայտվեցին։ Դա շատ լավ բանավեճ էր, և պետք է առերեսվենք այս փաստին»,- նշեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում