Ամբողջությամբ թափ է ստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը. Փաշինյան

Ամբողջությամբ թափ է ստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը. Փաշինյան

Հիմա, ըստ էության, նոր-նոր լիարժեք ամբողջությամբ թափ է ստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը, ընդ որում՝ բազմիցս ասել եմ՝ այս համակարգը մենք մի հավաքական անվանումով նկատի ենք ունենում հարակից պետական շահերի, հանրային շահերի, այլ գործիքների կիրառումը, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, համակարգը կայացած է, չնայած չի նշանակում, որ անթերի է։ Դա պետք է, միևնույն է, շարունակի բարեփոխումների տրամաբանությամբ զարգանալ, և այս առումով երեկ էլ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի ունեցավ։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա քննարկումները, ի միջի այլոց, անկախ իրենց տոնայնությունից, ձևից, շատ կարևոր եմ համարում, որովհետև ի հայտ եկավ, ի վերջո, հանրապետության թիվ մեկ բարերարի թեման, և ես կարծում եմ՝ մենք այդտեղ էլ ճիշտ տեղ հասանք, որովհետև էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ բարերարը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է և քաղաքական մեծամասնությունը։

2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքներով այսօրվա դրությամբ ճշգրտված տվյալների համաձայն՝ 9.1 մլրդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե։ Հայաստանի օլիգարխիայի բազմահազարամյա պատմության մեջ չկա համեմատելի ծավալ, որ որևէ մեկը ՀՀ-ի և նրա ժողովրդի նկատմամբ համեմատելի ծավալի բարերարություն արած լինի՝ 9.1 մլրդ։ Սա այն 9.1 մլրդ-ն է, որը գողացված է՝ առնվազն մի շատ էական մասը, որի չնչին տոկոսներով ժամանակին մարդիկ տուկի թել էին բաժանում, բրինձ էին բաժանում, ատամի պրոթեզ էին բաժանում և այլն։ Դա իրականում արվում էր գողացածի շուրջ բարերարության ծխածածկույթ ստեղծելու համար, և հիմա շատ լավ է և կարևոր է, որ մեր իրավապահ համակարգը սկսել է ժողովրդի տված մանդատի շրջանակում արդյունավետ գործել, և, այո, ասում եմ առանց սեթևեթանքի՝ մարդիկ գտնում են իրենց արժանի տեղը, և հույս ունեմ, որ մեր հարգելի դատական համակարգն արդարադատություն կիրականացնի»,- նշեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում