Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության՝ նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության՝ 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Նաև նշեց, որ հաստատվելիք շատ միջոցառումներ Կառավարության՝ 2021–2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են լինելու։
Այսպես, ծրագիրը ներառում է 733 միջոցառում՝ բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով։
«Անվտանգային և արտաքին քաղաքականության միջոցառումների իրականացման արդյունքում Կառավարությունը, մասնավորապես, ծրագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, «Խաղաղության խաչմերուկ», այդ թվում՝ TRIPP նախագծերի իրականացում, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում»,- ասաց փոխվարչապետը։
Անդրադառնալով կրթությանն առնչվող միջոցառումներին՝ Մհեր Գրիգորյանը նշեց՝ Կառավարության 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով կրթությունը հռչակվել է ռազմավարությունների ռազմավարություն։
«Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ լողավազանների, կառուցումը, վերանորոգումը և գույքով հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեսալսողական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը»,- ասաց նա։
Ենթակառուցվածքների մասով աշխատանքներ են իրականացվելու 10 ջրամբարի կառուցումը մեկնարկելու ուղղությամբ՝ մինչև 2030 թվականը շինարարությունն ավարտելու նպատակադրումով։ Կառուցվելու և վերակառուցվելու են 350 կմ ջրանցք և խողովակաշար, ոռոգում է ապահովվելու 10 000 հա նոր հողերի համար։
«Ապահովվելու է 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, 2500 կմ ավտոճանապարհ և 40 կամուրջ են կառուցվելու և նորոգվելու։
Էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրում է լինելու, ինչպես նաև 1000 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային և 800 մեգավատտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում է կազմակերպվելու»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ծրագրերի մի մասը գործնական իրականացման փուլում է։








