ՀՀ իշխանության բարձրագույն տերը տեղում է։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե՝ 24/7 ռեժիմով, տարին 12 ամիս ժողովուրդն իր ասելիքը կարող է ասել։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 19-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունմանն առնչվող քննարկումներին։
«Ես այստեղ եմ հասել հեղափոխությամբ, և այդ պահից սկսած՝ ոչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, հիմա ասում եմ՝ մենք ինչ ճանապարհով ենք գնում։ Եթե ՀՀ ժողովուրդը գտնում է, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, մինչև հանրաքվեն, մինչև խորհրդարանական քննարկումները, մինչև Սահմանադրության նոր տեքստի հրապարակումը, ցանկացած պահի ժողովուրդը կարող է դուրս գալ և հասնել իմ հրաժարականին, եթե դա ուզում է»,- ասաց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց՝ մտնում ենք քաղաքական մի շրջափուլ, որը, ըստ իր կանխատեսումների, պետք է հաջողությամբ ավարտին հասցնի խաղաղության գործընթացը։
«Եթե ժողովուրդը համաձայն չէ սրա հետ, առաջիկայում՝ որևէ մի փուլում, ինքն այդ անհամաձայնությունը պետք է արտահայտի կա՛մ մինչև հանրաքվեն քաղաքական պրոցեսներով (խոսքը ժողովրդի մասին է, ոչ թե քաղաքական ուժերի), կա՛մ հանրաքվեով։ Դե, եթե հանրաքվեով չարտահայտեց անհամաձայնություն, արտահայտեց համաձայնություն, հետագայում իրականացման ցանկացած փուլում ժողովուրդն այդ հնարավորությունն ունի, հետևաբար՝ ուզում եմ արձանագրել, որ այդ փուլ ենք մտնում։
Մենք Սահմանադրության նախագծի վերջին շտրիխների վրա ենք աշխատում, այսպես ասենք՝ Սահմանադրության նախագծի նախագծի, որովհետև Կառավարությունում էլ, ճիշտ է, նախնական գաղափարների հավաքագրում եղել է, բայց Կառավարությունում էլ դեռ չի շրջանառվել որպես ամբողջական տեքստ, այսինքն՝ խոսքը նախագծի նախագծի մասին է, որ մենք ունենանք հիմք, որի վրա պետք է աշխատենք»,- ասաց նա։








