Աշխարհի հեղինակավոր բուհերում կրթություն ստացած քաղաքացիների ներուժը կներգրավենք ամենատարբեր ոլորտներում. ԿԳՄՍ նախարար

Աշխարհի հեղինակավոր բուհերում կրթություն ստացած քաղաքացիների ներուժը կներգրավենք ամենատարբեր ոլորտներում. ԿԳՄՍ նախարար

Օրենքի նախագիծը գալիս է լրացնելու արդեն իսկ մեր համատեղ որոշումներով ձևավորված այն քաղաքականությունը, որով Կառավարության որոշմամբ աշխարհի հեղինակավոր 50 համալսարաններում կրթություն ստացող և այդ հանգամանքի բերումով տարկետում ստացած քաղաքացիները նաև հնարավորություն են ստանում այնուհետև իրենց մասնագիտական ներուժն ու գիտելիքները ծառայեցնել կոնկրետ ոլորտներում՝ մեր երկրի զարգացմանը։

Այդ մասին Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում արվել էին համապատասխան փոփոխությունները, ընդունվել էին նաև Կառավարության համապատասխան որոշումները, և այս տարվա հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք ունեին տարկետում և ավարտել էին ուսումնառությունը, կարող էին նաև դիմել աշխատանքի անցնելու Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտներում և պայմաններով։

«Պետք է ասել, որ այս պահի դրությամբ այդ իրավունքն ունեցող շուրջ 40 քաղաքացիներից 21-ն արդեն իսկ դիմել են, և սա նշանակում է, որ այն մոտեցումները, որոնք առաջարկվել էին, բավականին կենսունակ են և հնարավորություն են տալիս աշխարհի հեղինակավոր բուհերում կրթություն ստացած քաղաքացիների մասնագիտական ներուժն այնուհետև ներգրավել մեր ամենատարբեր ոլորտներում, ստանալ այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք նաև այդ ոլորտների զարգացմանն են տանելու»,– նշեց ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ գործընթացի իրականացման ժամանակ տեսնում են, որ որոշ մանրամասներ լավարկման կարիք ունեն։

«Առաջարկում ենք օրենքում կատարել լրացում՝ միայն այս խմբի համար սահմանելով 32 տարին որպես վերին տարիք, և սա հնարավորություն կտա, որպեսզի կրթական տարբեր աստիճաններում իրենց կրթությունը ստացած քաղաքացիները լիարժեք ներգրավվեն այս քաղաքականության շրջանակներում՝ թե՛ հանրային կառավարման ոլորտում, թե՛ պետական մարմիններում, ռազմարդյունաբերության ոլորտում, առողջապահության և այլ ոլորտներում»,– տեղեկացրեց Ժաննա Անդրեասյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում