Լիտվայի Սեյմն առաջին ընթերցմամբ հաստատել է սահմանադրական փոփոխությունը, որով վերացվում է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման արգելքը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 106 պատգամավոր, դեմ՝ 18-ը, վեցը ձեռնպահ է մնացել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կդիտարկի Լիտվայում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ Վիլնյուսի խնդրանքը:
«Ես շատ մարդկանց եմ ճանաչում Լիտվայում։ Նրանք հրաշալի մարդիկ են»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Լիտվայից հայտնել են, որ պատրաստ են հոգալ ամերիկյան զորքերի մշտական տեղակայման ծախսերը: Վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի խոսքով՝ եթե Վաշինգտոնը ցանկանա և նման քաղաքական որոշում կայացնի, ապա Վիլնյուսն ավելի քան պատրաստ է:
«Դա կենսական նշանակության զսպող գործոն և անվտանգության երաշխիք կլինի»,- նշել է վարչապետը։
Կրեմլից արձագանքել են՝ Լիտվայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, ամերիկյան ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կնշանավորի էսկալացիայի հերթական փուլը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է՝ ի պատասխան Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Դաշնության անվտանգությունն ապահովելու համար։










