Ստուբը կոչ է արել Մասկին բացել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը խնդրել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկին թույլատրել Ուկրաինային օգտագործել Starlink արբանյակային ցանցը՝ Ռուսաստանի խորքում բալիստիկ հրթիռների արձակման կայաններին հարվածելու համար։
«Դա կյանքեր կփրկի»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Reuters-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսին նմանատիպ խնդրանքով դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է Իլոն Մասկի համաձայնությունը, որը մինչ այժմ սահմանափակել է Starlink-ի աշխատանքը Ռուսաստանի տարածքում։
Կիևն ակնկալում է Starlink-ի շնորհիվ օգտագործել ավելի ճշգրիտ նավիգացիայով հեռահար անօդաչու թռչող սարքեր՝ խոցելու Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ կիրառվող ռուսական շարժական համալիրները:
Ուկրաինական Fire Point ընկերության համահիմնադիր Դենիս Շտիլերմանն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան արդեն օգտագործում է Starlink-ը՝ ճակատային գծի երկայնքով խոցման գոտի ձևավորելու համար: «Անհրաժեշտության դեպքում մենք կընդլայնենք խոցման գոտին մինչև Սիբիր։ Տեխնոլոգիան թույլ կտա մեզ դա անել»,- հայտարարել էր Շտիլերմանը։
Դիտումներ91









