ԱԱրման Գալոյան

Դատարանին հասկանալի չեն պաշտպան Է.Ալեքսանյանի բացակայության պատճառները. «Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվեց

Դատարանին հասկանալի չեն պաշտպան Է.Ալեքսանյանի բացակայության պատճառները. «Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից նիստը հետաձգելու մասին դիմում է ստացել: Պաշտպանը հայտնել է, որ այսօր Վերաքննիչ դատարանում ժամը 13:00-ին նշանակված է մեկ այլ դատական նիստ, որին ինքը պետք է մասնակցի, ուստի խնդրել է հետաձգել «Մարտի 1»-ի գործով դատական նիստը:

Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ դատարանը աշխատակազմի միջոցով պարզել է, որ Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված դատական նիստը հետաձգվել է սկսվելուց անմիջապես հետո. «Ուստի դատարանին հասկանալի չեն Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները»,- հայտարարեց Դանիբեկյանը:

Դատարանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և ներկայանալու հնարավորությունները պարզելու համար:

Դատական նիստը վերսկսվելուց հետո Դանիբեկյանն արձանագրեց՝ առկա չէ պաշտպան Ալեքսանյանի ներկայանալու որևէ խոչընդոտ: «Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանից Շենգավիթի նստավայր ներկայանալու համար ժամանակը, Էրիկ Ալեքսանյանը կարող էր 13.20-ին գտնվել դատական նիստերի դահլիճում»,- հայտարարեց Դանիբեկյանը: Դատավորի խոսքով՝ պաշտպանի վարքագծին կանդրադառնան հաջորդ դատական նիստում՝ նրա ներկայությամբ:

«Էրիկ Ալեքսանյանի վարքագիծը չարամիտ է և կազմում է պաշտպանության կողմի կազմակերպած վարքագծի բաղադրիչներից մեկը»,- իր ելույթում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Ըստ դատախազի՝ սա անհարգալից վերաբերմունք է դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ:

Պաշտպանական կողմը առարկեց՝ նշելով, թե Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտություն չկա: «Ալեքսանյանը երեկ է տեղեկացրել դատարանին իր ծանրաբեռնվածության մասին»,- նշեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Մարտի 1»-ի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում