ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանում մեկնարկում են «Կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Լեհաստանում մեկնարկում են «Կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Նոյեմբերի 9-ին Լեհաստանում սկսվել են «Կամավորների կոալիցիայի» առաջին համատեղ զորավարժությունները։ Ֆրանսիայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ դրանք կտևեն մինչև նոյեմբերի 22-ը, կմասնակցի մոտ 2800 զինծառայող 11 երկրից, այդ թվում՝ Գերմանիայից։

Ինչպես նշում է AFP գործակալությունը, Գերմանիան զորավարժություններին կուղարկի մոտ տասը շտաբային սպա, լիցքավորող ինքնաթիռներ ու նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև լոգիստիկ աջակցություն կցուցաբերի իր տարածքով զինծառայողների տեղափոխման և մատակարարումների ժամանակ:

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան զորավարժությունների համար կտրամադրեն ամենամեծ զորակազմը. Ֆրանսիան՝ 1100 զինծառայող, իսկ Մեծ Բրիտանիան՝ 300։ Օդային ու ցամաքային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժանքները տեղի կունենան Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Նովա Դեբա քաղաքի մոտակայքում՝ Ուկրաինայի սահմանից մոտ 100 կիլոմետր հեռու։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած «Կամավորների կոալիցիայի» զորավարժությունների նպատակն է մշակել պատերազմից հետո Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու մեխանիզմներ։ Զորավարժանքներին կմասնակցեն նաև Բելգիան, Էստոնիան, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Իսպանիան, Շվեդիան և Թուրքիան:

«Կամավորների կոալիցիան», որը ստեղծվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների նախաձեռնությամբ 2025 թվականի մարտին, պաշտոնապես ՆԱՏՕ-ի կառույց չէ։ Դրա զորակազմը նաև նախատեսված չէ հրադադարի ռեժիմի մոնիթորինգ կամ խաղաղապահ առաքելություններ իրականացնելու համար։ Ներկայումս կոալիցիային մասնակցում է մոտ 35 երկիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում