ԱՄՆ-ը Հարավային Կովկասում առաջատար ներկայանալու Ադրբեջանի հավակնությունները զսպեց. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում առաջատար ներկայանալու Ադրբեջանի հավակնությունները զսպեց. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ պաշտոնապես հաստատել է, որ ստացել է հրավերը և մասնակցելու է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, ինչպեսև հայտնել է, որ հրավիրված է նաև Ադրբեջանը։

Օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հաղորդել էր, որ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին դեկտեմբերի 14–15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար՝ դա որակելով որպես Ադրբեջանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի դրսևորում։

Գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հրավերի մասին այդ օրերին տեղեկություն չի տարածվել։ Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն և ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն առաջ են մղում այն գաղափարը, որ Ադրբեջանը վերածվել է «միջին տերության», որը միայնակ որոշում է տարածաշրջանի օրակարգը և պետք է միջազգային հարթակներում ներկայացված լինի ավելի բարձր կարգավիճակով։

Հայաստանին G20-ի գագաթնաժողովին հրավիրելով՝ ԱՄՆ-ը դիվանագիտորեն մերժում է այդ քարոզչությունը և փաստում, որ տարածաշրջանային որևէ նախագիծ չի կարող կյանքի կոչվել առանց Հայաստանի լիիրավ և հավասարազոր մասնակցության։ Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նաև ներկայանում է որպես Հարավային Կովկասում Կենտրոնական Ասիայի գլխավոր գործընկեր, առանց որի համաձայնության կյանքի չի կոչվի Եվրամիություն–Կենտրոնական Ասիա տրանսպորտային և ենթակառուցվածքային կապակցվածության նախագիծը։

Մայամիում Հայաստանը կներկայանա որպես ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ հավասար գործընկեր, միջազգային իրավունքի և տարածաշրջանային գործընկերության ինքնուրույն սուբյեկտ։ Թեև ԱՄՆ-ի նախագահությամբ G20-ի օրակարգի մանրամասնությունները դեռևս ճշտվում են, բայց մեծ է հավանականությունը, որ այդ շրջանակներում կկայանան Փաշինյան–Ալիև և Փաշինյան–Էրդողան հանդիպումներ։ Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանին Ռուսաստանի նախագահի հետ բարդ բանակցություններ են սպասում, և Մայամի այցի հրավերի հրապարակայնացումը կարելի է համարել քաղաքական ազդակ։ G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահի մասնակցության հարցը դեռևս որոշված չէ։

Դատելով այն իրողությունից, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առանձին հանդիպում չի կայացել, Վլադիմիր Պուտինը հազիվ թե դեկտեմբերի 14-ին մեկնի Մայամի։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում