2027 թվականի պետական բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի մրցունակության և տնտեսության դիմակայունության ամրապնդման, տնտեսական ու անվտանգային ենթակառուցվածքներում, ինչպես նաև մարդկային ու ֆիզիկական կապիտալում ներդրումների բարձր մակարդակի պահպանման և կառուցվածքային բարեփոխումների միջոցով տնտեսական ներուժի հետագա ընդլայնման նպատակներին։ Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում ներկայացնելով ԿԲ եզրակացությունը «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
Կառավարության գնահատմամբ՝ վերջին տարիներին ՀՀ տնտեսական աճի ներուժն աճել է մինչև 5–5,5 տոկոս։ Այդուհանդերձ, զեկուցողի խոսքով՝ նախորդ տարիների բարձր տնտեսական աճին նպաստած մի շարք կարճաժամկետ գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացման պայմաններում կայուն և բարձր տնտեսական աճի պահպանումն էապես կախված կլինի արտադրողականության բարձրացմանը, արտահանման և մասնավոր ներդրումների խթանմանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունների արդյունավետ իրականացումից։
«2027 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակականությունն ու պարտքի կայունության ամրապնդումը համադրելով մարդկային կապիտալի զարգացման և տնտեսության ներուժի հետագա ընդլայնմանը նպաստող քաղաքականությունների իրականացման հետ»,- ընդգծել է Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ նախանշված տնտեսական աճի, հարկային վարչարարության բարելավման, ստվերի կրճատման, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների իրականացման արդյունքում 2027 թվականի համար ծրագրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության հետագա աճ՝ 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատությամբ շուրջ 0,6 տոկոսային կետով, որի պարագայում հարկային եկամուտները կկազմեն համախառն ներքին արդյունքի 25,4 տոկոսը։
ԿԲ նախագահը ներկայացրել է նաև այլ տվյալներ, ապա պատասխանել պատգամավորների հարցերին։










