ՀԷՑ-ում նոր միացումների հայտերը մեկ տարում աճել են շուրջ 66 տոկոսով

ՀԷՑ-ում նոր միացումների հայտերը մեկ տարում աճել են շուրջ 66 տոկոսով

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը ժամանակավոր կառավարման շրջանում կտրուկ աճ է գրանցել։

2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ ընկերությունը ստացել է 15 057 հայտ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածում գրանցված հայտերի թիվը (2025 թվականին կազմել է 9 030, իսկ 2024-ին՝ 7 578)։

Այսպիսով, 2026 թվականին նոր միացումների հայտերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 66 տոկոսով, իսկ 2024 թվականի համեմատ՝ գրեթե կրկնապատկվել է։

Պահանջարկի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ քաղաքաշինական ակտիվությամբ, նոր բնակելի թաղամասերի ու կառուցապատվող տարածքների էլեկտրամատակարարման ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սպառման ավելացմամբ։

Պահանջարկի վրա ազդող գործոններից է նաև բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու վճարների զգալի նվազեցումը։

Ապրիլի 27-ից կիրառվող փոփոխությունների համաձայն՝ նոր բաժանորդների միացման վճարները նվազել են մինչև 40 տոկոսով, իսկ առկա հզորության ավելացման վճարները՝ մինչև 55 տոկոսով, ինչը բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալը դարձրել է ավելի մատչելի՝ ընդլայնելով ցանցին միանալու հնարավորությունները։

Հայտերի թվի շարունակական աճը մեծացնում է բաշխման ցանցի ծանրաբեռնվածությունը և ստեղծում նոր պահանջներ գործող ենթակառուցվածքների զարգացման, արդիականացման ու թողունակության ընդլայնման համար։

Այսպիսով, ՀԷՑ-ն իր առկա տեխնիկական և ենթակառուցվածքային կարողություններով սպասարկում է զգալիորեն ավելի մեծ թվով բաժանորդների։ Սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու՝ հետևողականորեն աճող պահանջարկի պայմաններում ՀԷՑ-ի բաշխման ցանցի և ենթակառուցվածքների արմատական բարեփոխումն ու արդիականացումը ընթացիկ փուլում հրատապ անհրաժեշտություն են՝ նոր բաժանորդների միացումներն արդյունավետորեն իրականացնելու և էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում