Ուկրաինայի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Ֆլորիդայի Մայամի քաղաք՝ խաղաղության բանակցությունների նոր փուլի համար, որի նպատակն է վերջ տալ պատերազմին նոր էսկալացիայի ալիքի ֆոնին, որն ավերել է Ուկրաինայի քաղաքներն ու խլել տասնյակ քաղաքացիական կյանքեր։
Բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հովանու ներքո ու կկենտրոնանան դիվանագիտական փակուղուց դուրս գալու ուղիների որոնման վրա՝ պատերազմի ամենածանր ձմռան նախաշեմին։
Քննարկվող տարբերակների թվում են սահմանափակ հրադադարը, որը կարող է ընդգրկել Սև ծովը՝ աղքատ երկրներին հացահատիկի մատակարարման կենսական առևտրային ուղին, և/կամ էներգետիկ օբյեկտները, որոնք Մոսկվան անընդհատ թիրախավորում է։ Կիևը էներգետիկ օբյեկտների վրա ռուսական հարձակումներին պատասխանում է՝ հարձակվելով ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա։
Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր բանակցային թիմում կլինեն Կիրիլո Բուդանովն ու Սերհիյ Կիսլիցան՝ նախագահի գրասենյակի ղեկավարն ու ղեկավարի տեղակալը, խորհրդարանում իշխող կուսակցության առաջնորդ Դավիթ Արախամիան և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը:
Եվրոպական կողմը կներկայացնեն E3-ի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության ազգային անվտանգության խորհրդականները։ Այս երեք երկրները գլխավորում են «կամեցողների կոալիցիան», որը պետք է անվտանգության երաշխիքներ ապահովի Ուկրաինայի համար:
Հանդիպմանը կմասմակցեն նաև Եվրահանձնաժողովի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ: Ռուսաստանը չի մասնակցի:
Մայամիում հանդիպումը տեղի է ունենում ԶԼՄ-ների այն հաղորդումներից հետո, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է Մոսկվայի հետ բիզնես-գործարքներ կնքելու հնարավորությունը, որոնք կարող են ստորագրվել նույնիսկ մինչև վերջնական խաղաղ համաձայնության հասնելը: Այս հրապարակումներն անհանգստացրել են ուկրաինացիներին և եվրոպացիներին, որոնք վաղուց մտավախություն ունեն, որ Սպիտակ տունը տնտեսական շահերը կգերադասի դիվանագիտությունից։









