Երկուշաբթի Ֆրանսիայում մասամբ կամ ամբողջությամբ կփակվի մինչև 500 դպրոց՝ ոստիկանության և աշակերտների ու ուսանողների միջև շարունակվող բախումների պատճառով, հայտարարել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ Նախարարը նաև հայտնել է, որ բողոքի ցույցերն սկսվելուց ի վեր 24 դպրոց «այրվել կամ թալանվել է»։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ բռնի բողոքի ցույցերից Ֆրանսիայի 3700 դպրոցներից տուժել են 735-ը։
Բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին Փարիզի դպրոցներից մեկում, սակայն անցյալ շաբաթ վերածվել են համազգային ցույցերի, որոնք ուղեկցվել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բռնություններով: Ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ։ Միջնակարգ դպրոցի աշակերտները և այլ քաղաքացիներ դժգոհ են ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և խարխուլ շենքերից։
«Կան ակտիվիստներ, մասնավորապես, ծայրահեղ ձախ ճամբարից, որոնք ներխուժել են ավագ դպրոցի աշակերտների շարժում, ուզուրպացրել են այն և դիմում են ծայրահեղ բռնության: Իսկ դա վտանգ է ներկայացնում ինչպես մեր անձնակազմի, այնպես էլ աշակերտների համար», - հայտարարել է կրթության նախարարը և հավելել, որ կրթական համակարգի 78 աշխատակից վիրավորվել է։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ ուրբաթ ձերբակալվել է 1747 մարդ։ AFP-ի տվյալներով՝ բողոքի ցույցերն սկսվելուց ի վեր իշխանությունները ձերբակալել են ավելի քան 5000 մարդու, որոնց մոտ 85%-ը՝ անչափահաս։










