Քննարկվել են Հայաստանի և Դանանգի միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

Սեպտեմբերի 25-ին Դանանգ քաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Դանանգի քաղաքային կառավարության արտաքին կապերի վարչության ներկայացուցիչների, Վիետնամի Ամերիկյան համալսարանի ղեկավարության և Դանանգում գործող հայկական տեխնոլոգիական GROVF ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից։
Դանանգի քաղաքային կառավարության արտաքին կապերի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Լե Մին Թընի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Դանանգի միջև քաղաքային, զբոսաշրջային, մշակութային, առևտրատնտեսական և տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են Դանանգի և Հայաստանի որևէ քաղաքի միջև քույր քաղաքների ձևաչափով համագործակցության հաստատման հնարավորությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը քաղաքային իշխանությունների, գործարար համայնքների և կրթական հաստատությունների միջև գործնական կապերի ընդլայնման տեսանկյունից։ Քննարկվել են նաև զբոսաշրջային փոխայցելությունների, գործարար համաժողովների և B2B հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև մշակութային փոխանակումների խթանման հնարավորությունները։
Տեխնոլոգիական համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիսահաղորդիչների, թվային փոխակերպման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին։ Դանանգի կողմը ներկայացրել է քաղաքի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և կիսահաղորդչային կենտրոնի զարգացման տեսլականը և հայկական տեխնոլոգիական ու ստարտափ ընկերություններին հրավիրել մասնակցելու Դանանգում անցկացվող համապատասխան միջոցառումներին։
Այցի շրջանակներում դեսպան Սուրեն Բաղդասարյանն այցելել է նաև Վիետնամի Ամերիկյան համալսարան։ Համալսարանի ղեկավարության հետ քննարկվել են Հայաստանի և Դանանգի բուհերի միջև ակադեմիական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի, ամառային դպրոցների, գիտաժողովների և մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունները։ Առանձնացվել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ, այդ թվում՝ ՏՏ և արհեստական բանականություն, ինժեներական և բարձր տեխնոլոգիաներ, բիզնես և միջազգային բիզնես, առողջապահություն, կենսաբանություն, ավիացիա, կլիմայի փոփոխություն, շրջակա միջավայր և կենսաբազմազանություն։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը և Վիետնամի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բին Թի Նգույեն Ճանը ստորագրել են ՀՀ դեսպանության և համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր՝ կրթության և ակադեմիական համագործակցության ոլորտում կապերի զարգացման նպատակով։
Դեսպանը նաև այցելել է Դանանգում գործող GROVF տեխնոլոգիական ընկերություն, որը հիմնադրվել է Հայաստանի մայր ընկերության ներդրումներով, ծանոթացել ընկերության գործունեությանը և քննարկել Հայաստանի ու Դանանգի տեխնոլոգիական էկոհամակարգերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկվել են մասնագետների փոխայցելությունների, փորձի փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացման հեռանկարները։
Դիտումներ32









