ԳԳոհար Սարգսյան

ՆԳՆ-ում հյուրընկալել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը

ՆԳՆ-ում հյուրընկալել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը

Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը՝ Թերեզ Մարիա Րիթերի գլխավորությամբ:

 

Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտեի դերն ու նշանակությունը ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում: Սարգսյանը փաստել է, որ հատկապես հիմա՝ ոստիկանության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում, պատվիրակության հերթական այցը Հայաստան լավ հնարավորություն է Կոմիտեի մանդատի լույսի ներքո վերագնահատելու իրականացվող քայլերն ու ապահովելու դրանց լիակատար համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԽԿԿ նախորդ այցերի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, մասնավորապես ծավալուն օրենսդրական և գործնական աշխատանքները՝ ուղղված քրեական, քրեադատավարական և ոստիկանական ոլորտի օրենսդրական և գործառնական դաշտի փոփոխությանը։

 

Հատուկ ուշադրություն է դարձվել ձերբակալման ինստիտուտի փոփոխությանը, որը բարձր երաշխիքներ է ապահովում ազատությունից զրկվող անձի համար։

 

Փոխնախարարը անդրադարձել է նաև պրակտիկ լուծումներին, այդ թվում՝ ոստիկանության բաժինների մուտքերի և ելքերի հատվածները 349 տեսանկարահանող սարքավորումներով ապահովելուն, պարեկային ծառայությանը տեսախցիկներով վերազինելուն, ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, և թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար թափանցիկ և պատասխանատու գործելաոճ երաշխավորելուն։
 

Հանդիպմանը մասնակցել է նաև Քննչական կոմիտեն և համատեղ դիտարկվել են նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժով քրեական արդարադատության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել հարցաքննությունները տեսաձայնագրառմամբ իրականացնելուն։

 

Հյուրերը բարձր են գնահատել իրականացված լայնամասշտաբ օրենսդրական և գործառնական փոփոխությունները և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։
 

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ից 22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում է, և դրա շրջանակներում Կոմիտեի մանդատի ուժով դիտարկվելու են նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում