Այլ երկրների օրենսդրական մանրամասները շատ լավ չգիտեմ, հաշվի առնելով իրենց կողմից կազմակերպման հանգամանքը, բայց քաղաքացիության հրաժարումը ստանդարտ պրոցես է, որևէ խոչընդոտ այդ տեսանկյունից պիտի չլինի։ Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքը կարող է խոչընդոտ լինել, և նա չկարողանա սկսել այլ երկրներից՝ ՌԴ-ից և Կիպրոսի Հանրապետությունից, քաղաքացիության հրաժարման գործընթաց։
«Ամեն դեպքում մենք մեզ մոտ որևէ տեղեկություն չունենք, որ նմանատիպ դիմումներ, կան կամ հրաժարման որևէ պրոցես կա։
Կարծում եմ՝ պարոն Կարապետյանն ինքը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը հրաժարում տեղի չի ունեցել»,- նշեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի հարցին, թե Սամվել Կարապետյանի անձնագրում ФСБ (ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն.- խմբ.) նշումը կա, ասաց՝ կարծում է՝ մեկնաբանության կարիք չկա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։










