Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում նշել է, որ կենսաչափական անձնագրերի ներդրմամբ միասնական մոտեցում է սահմանվել «Ծննդյան վայրը» դաշտի լրացման համար։
Նախարարի խոսքով՝ փոփոխության նպատակն այդ դաշտի լրացման ընթացքում նախկինում առաջացած վարչարարական անհամապատասխանությունները բացառելն է։
Անդրադառնալով դաշտը դատարկ թողնելու հնարավորությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ սահմանված կարգով դաշտը լրացվում է՝ անկախ քաղաքացու նախընտրությունից։
Նախարարը բերել է Ուրուգվայի օրինակը՝ նշելով, որ 2025 թվականին անձնագրում ծննդյան վայրի տվյալների բացակայության պատճառով դժվարություններ էին առաջացել Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, ինչից հետո Ուրուգվայը վերանայել էր իր մոտեցումը։
Նախարարի խոսքով՝ միասնական կարգը սահմանելիս հաշվի են առել նաև այն դեպքերը, երբ անձնագրում նշված տվյալը մեկ այլ պետության սահմանին լրացուցիչ ճշտման կարիք է առաջացրել, և քաղաքացիները դիմել են Հայաստանի իրավասու մարմիններին։










