Ռումինիան աջակցում է ԵՄ անդամակցության հետ կապված Հայաստանի ջանքերին։ Մենք աջակցել ենք և աջակցում ենք Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի, ինչպես նաև, բնականաբար, Հայաստանի ջանքերին։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԵՄ անդամ պետություն դառնալու ՀՀ-ի ջանքերը։
«ԵՄ նշանակում է խաղաղության տարածք, բարգավաճման հնարավորություն։ Եթե գործնական առումով խոսենք, Ռումինիան ունի որոշակի փորձառություն՝ ԵՄ ինստիտուտներին անցում կատարող երկիր լինելու փորձառություն, ԵՄ օրենսդրությանն անցում կատարող երկիր լինելու փորձառություն, հետևաբար փորձում ենք աջակցել, մեր փորձով կիսվել մեր գործընկերների հետ, ինչպես, օրինակ, Մոլդովայում և Ուկրաինայում էին անում մեր փորձագետները։
Մենք ուրախ կլինենք նույնն անել նաև Հայաստանի պարագայում, որովհետև սա պարզապես բարի կամքի դրսևորում չէ, սա նաև բխում է Ռումինիայի ռազմավարական շահերից, որպեսզի այս բոլոր երկրները դառնան ԵՄ անդամ պետություններ»,– ասաց նա։










