Եվրոպան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ակնկալվում է, որ խորհրդականների մակարդակով խաղաղ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։ Դրանց կարող են մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ Կանցլերը չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ Աբու Դաբիում։
«Հուսով ենք՝ ռուսական կողմը նույնպես պատրաստակամություն կհայտնի մասնակցելու բանակցություններին, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միացյալ Նահանգների հետ»,- հավելել է Մերցը։
Բացի այդ, նրա համոզմամբ, եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ դեռ 2008 թվականին, այս պատերազմը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխել։ Մարկ Ռյուտեն էլ հայտարարել է, որ Եվրոպայում տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպին ի պատասխան հարկավոր է ավելացնել Ուկրաինային աջակցությունը։
Դաշինքը մեկնաբանել է ռուսական ԱԹՍ-ների և հրթիռների կողմից Լեհաստանի և եվրոպական այլ երկրների օդային տարածքի խախտման դեպքերը։ ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը նշել է, որ դիտարկում են Եվրոպայում լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը։ ՆԱՏՕ-ն արդեն հավանություն է տվել օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռի տեղակայմանը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:













