Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հայաստանը և Ադրբեջանը Սահմանադրություն ընդունել են նույն տարում՝ 1995 թվականին։

Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում սահմանադիր հանդես է գալիս «Ադրբեջանի ժողովուրդը», որը «շարունակելով պետականության բազմադարյա ավանդույթները, ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքներով», հայտարարում է Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին և «հանուն այդ վեհ նպատակի» Սահմանադրություն է ընդունում։

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանը սահմանադիր է ճանաչում «հայ ժողովրդին», այն դեպքում, երբ Անկախության հռչակագիրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդի անունից։

Սահմանադրության հիմք են հռչակվում «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները», արձանագրվում է, որ իրականացվել է անկախ պետության վերականգնման ազատասեր նախնիների սրբազան պատգամը։

Վերջին օրերին մամուլում և սոցիալական հարթակներում քննարկվում է մի էական հարց․ իսկ ինչու՞ Ադրբեջանը չպետք է վերացնի իր Սահմանադրությամբ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջատիրությունը։

Հիմք է ընդունվում այն, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտին, իսկ վերջինս ընդունվել է «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի հիման վրա, որն ընդունել է 1918-1920 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդությունը։

Հարցադրումը՝ արդյո՞ք Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սկզբունքորեն հիմնավոր է, բայց զուտ իրավական առումով այդ երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտն իրավական որևէ ձևակերպում չեն պարունակում, որ կարելի է ուղղակի մեկնաբանել որպես ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություն։

Սահմանադրական դատարանը 2024 թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ Հայաստանի անկախության Հռչակագրի «... հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ուղղակիորեն ամրագրված չէ Սահմանադրության բուն հոդվածներում։

Այս ձևակերպումից ուղղակի հետևում է, որ նախաբանի և բուն Սահմանադրության միջև իրավական խզում կա, այսինքն՝ հռչակված են «համազգային նպատակներ», որ սահմանադրական հոդվածներում չեն ամրագրվել։

Այս դեպքում արդեն էական չէ, թե Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության մասին ինչ է ասում։ Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում