ԱԱրևիկ Աբելյան

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ. Լին Թրեյսի

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ. Լին Թրեյսի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային և բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ:

Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը: Նա դեսպանին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարևոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարևորվել են օրենսդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտել է նաև ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում