ՄՄերի Եգորյան

Դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների՝ գլխավոր դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը

Դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների՝ գլխավոր դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը մեկ ժամ ընդմիջումից հետո վերսկսվել է: 

Դատարանը քննում է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: 

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ միջնորդություն ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հնչած մտքերը: Խորհրդակցությանն, ըստ նրա, քննարկվել են կոնկրետ քրեական գործեր: 

«Այսինքն՝ ՀՀ վարչապետի և գլխավոր դատախազի միջև փոխհարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է Արթուր Դավթյանին հրավիրել իր մոտ և քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի ընթացքը: Գործադիր իշխանության հետ Դավթյանի փոխհարաբերությունները հակասում են «Դատախազության մասին» օրենքի մի շարք դրույթներին, և կարող է կասկած առաջանալ Դավթյանի՝ գործադիր իշխանությունից կախյալ լինելու վերաբերյալ»,- ընդգծեց Ալումյանը՝ հիշեցնելով, որ գլխավոր դատախազը «Մարտի 1»-ի քրեական գործի կողմ է հանդիսանում: 

«Դատավարական լուծումները տրվում են բացառապես դատավարական ղեկավարման և գործող դատավարական վերահսկողության շրջանակներում»,- հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ հակադարձելով «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: «Գլխավոր դատախազը կախյալ վարքագիծ չունի, գլխավոր դատախազին որևէ մեկը հանձնարարություններ չի տալիս և չի կարող տալ»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արթուր Դավթյանի մասնակցությունը ընդհանուր բնույթի քննարկումներին չի կարող խոսել կախյալ վարքագծի մասին:

Դատական նիստը, սակայն, ընդմիջվեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը դատախազ Բաղդասարյանի ելույթի ժամանակ սկսեց ռեպլիկներ նետել: Բաղդասարյանը հակադարձեց նրան, դահլիճում լեզվակռիվ սկսվեց:

Նշենք՝ «Մարտի 1»-ի գործով վերջին դատական նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին, որը կրկին հետաձգվել էր: Գործը դատարանում է 2019-ից, սակայն մինչ այժմ գործով դատաքննություն չի սկսվել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում