ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս-ն, շահույթ ստանալու նպատակով, այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը:
«Այսպես, նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում նա, նույն ժամանակահատվածում, ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և, ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ, ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում՝ հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:










