Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ:
Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), ապա վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթ: Մինչ վարույթի ավարտն անձի նկատմամբ կարող են կիրառվել անվտանգության միջոցներ, որոնցից է հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է այն հարցը, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում նման դեպքերում անձին հոգեբուժարանում տեղավորելու ժամկետներ, առավելագույն տևողություն կամ այնտեղ գտնվելու հարցը պարբերաբար վերանայելու պահանջ: Արդյունքում, անձը կարող է անորոշ ժամանակով զրկված լինել ազատությունից: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման այցերի ընթացքում անվտանգության միջոցի կիրառման արդյունքում առանց վերանայման և տևական ժամանակով հոգեբուժական կազմակերպությունում պահվելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:
Նշված խնդիրը տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներում:










