ԱԱրման Գալոյան

«Քեթրին գրուպին» տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամ պակաս է հաշվարկվել. ՊՎԾ

«Քեթրին գրուպին» տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամ պակաս է հաշվարկվել. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել Երևանի բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում:

«ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • «Քեթրին գրուպ» և «Լևո գրուպ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել,

- «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը,

- առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել են ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով»,- տեղեկացրել են ՊՎԾ-ից:

Հիշեցնենք, «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, որն այժմ հետախուզման մեջ է: Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում