ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2020 թվականի մարտի 31-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ պարզելու համար, թե COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում կանխարգելիչ ինչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում։
Այցի ընթացքում դիտորդները ՔԿՀ վարչակազմից տեղեկացել են, որ մինչ հիմնարկ մուտք գործելը բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են։ Առավոտյան աշխատակիցների անվանականչն իրականացվում է հիմնարկի վարչական շենքի հարակից տարածքում, աշխատակիցների միջև պահպանվում է սոցիալական հեռավորությունը՝ միմյանցից կանգնում են մեկուկես մետր հեռավորությամբ:
Հիմնարկի պետը տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից առկա է բանավոր ցուցում, ըստ որի՝ հիմնարկ մտնելիս բոլոր աշխատակիցների ջերմությունը պետք է չափել, ախտահանել, նրանք պետք է կրեն դիմակ ու ձեռնոց, որից հետո նոր անցնեն աշխատանքի։
Դիտորդները տեղեկացել են նաև, որ արձանագրվել են դեպքեր, երբ առավոտյան ջերմաչափման ժամանակ աշխատակիցներից ոմանք ունեցել են ջերմություն: Նման դեպքում նրանք հետ են ուղարկվել: Անհրաժեշտության դեպքում ջերմություն ունեցող աշխատակիցները դիմում են իրենց համայնքային պոլիկլինիկա: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նրանք թեստավորվել են, սակայն արդյունքները բացասական են եղել, իսկ ջերմությունը պարզապես մրսածության հետևանք է եղել:
Ինչպես պարզ է դարձել այցից, աշխատակիցների կամ ազատությունից զրկված անձանց հետ իրազեկման աշխատանքներ իրականացվել է միայն Միջազգային կարմիր խաչի կողմից, որի ներկայացուցիչները երկու անգամ հանդիպել են աշխատակիցների հետ, իրազեկել COVID-19 համավարակի մասին և աշխատակիցներին տրամադրել հեղուկ օճառներ։
Ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչների հետ: Դիտորդների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էլեկտրական ջերմաչափը բժիշկները ձեռք են բերել իրենց անձնական միջոցներով, յուրաքանչյուր բուժաշխատող իր միջոցներով է ձեռք բերում դիմակ կամ ձեռնոց, ընդ որում՝ ոչ բժշկական, այլ սովորական դիմակներ։
Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ հիմնարկի աշխատակիցներին, ոչ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմին չեն տրամադրվել անհատական անվտանգության ապահովման միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ կամ ախտահանիչ նյութեր ու բժշկական արտահագուստ։ Նախարարության կողմից տրամադրվել է միայն քլոր, որով ամեն օր ախտահանում են ողջ հիմնարկի տարածքը, սակայն խցերի ներսը չի ախտահանվում։ Հիմնարկը չունի նաև առաջնային հետազոտության սարքավորումներ՝ ռենտգեն և ֆլյուորագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքեր, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը և կախվածության մեջ է դնում քաղաքացիական հիվանդանոցներից՝ բարձրացնելով հիվանդություն ձեռք բերելու ռիսկայնությունը:
Խումբը պարզել է նաև, որ ազատազրկված անձինք ապահովված չեն ախտահանիչ նյութերով կամ պարագաներով։ Զբոսանքից վերադառնալուց, փաստաբանի, քննիչի, դատախազի, ուղեկցողի հետ հանդիպելուց հետո կամ այլ դեպքերում նրանք չունեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ:
Այցի արդյունքում արձանագրված տեղեկությունները խիստ մտահոգիչ են Խմբի համար, ինչի հիման վրա հրատապ հաշվետվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ՝
բոլոր հիմնարկները պետության միջոցների հաշվին ապահովել էլեկտրական ջերմաչափերով.
բոլոր հիմնարկների աշխատակիցներին ապահովել անհատական ախտահանիչ նյութերով և պարագաներով (բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, սպիրտ և այլն)։
Ուսումնասիրության մանրամասները՝ այստեղ:










