ՌՌոզա Խաչատրյան

10 մլն դրամի չարաշահում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում

10 մլն դրամի չարաշահում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք:

Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների  ձեռքբերման նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019 թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:

Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա  ապրանքներն ընդունվել են:

Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք և չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի այդ, պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ:

Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից:

Փաստորեն,  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում