14 մլն դրամի վնաս՝ ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում

14 մլն դրամի վնաս՝ ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում

ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և տվյալ ՓԲԸ-ի միջև 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:

Պայմանագրով ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ տարի կատարված ստուգումների, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանց առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2016 թվականին՝ 88, 2017 թվականին՝ 168 և 2018 թվականին՝  219 ամբուլատոր քարտերում բացակայել են մատուցված ծառայությունները հիմնավորող գրառումները՝ կապված պացիենտների առողջության, զննման և ստոմատոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև բուժման գործընթացի հետ:

Ընկերության ղեկավարությունը այլ եղանակներով, մասնավորապես, օգտագործված դեղորայքի և անհրաժեշտ նյութերի ծախսի միջոցով, ևս չի հիմնավորել վերոնշյալ 475 դեպքով պացիենտներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնություն մատուցած լինելու հանգամանքը:

Մինչդեռ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել այդ 475 դեպքի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ բովանդակային առումով կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում չհիմնավորված ծավալով ծառայությունների մատուցման դիմաց ընկերությանը պետական բյուջեից շուրջ 14 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ընկերության համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելու միջոցով իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետությանը շուրջ 14 մլն ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ

քննչական կոմիտե:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում