Գյումրու ողբերգական դեպքի առիթով ոստիկանություն է բերման ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մարտի 5-ին՝ ժամը 15․40-ին, Գյումրիի հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ, որը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:









