ՌՌոզա Խաչատրյան

Այց կանանց և անչափահասների «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ

Այց կանանց և անչափահասների «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

•   բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները.

•   չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը.

•   առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը.

•   բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, ինչը խոչընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար.

•   բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները.

•   առկա են սեռավարակների հայտնաբերման և ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ.

•   հայտնաբերվել են ժամկետանց դեղեր.

•   առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ.

•   ոչ բավարար են կահավորված երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակները.

•   քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են և ոչ պարբերական.

•   առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ.

•   միայնակ պահվող՝ ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից.

•   առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն.

•   քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.

•   կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ.

•   նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության և այլն.

•   ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն.

•   ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից.

• քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր.

•   կանանց տեղամասի ընդհանուր կացարանը օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական և մշտական դիտարկման հնարավորությունը.

•   2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:

Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է դրա բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը:

Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:

Այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում