ՄՄերի Եգորյան

ՀՌՀ-ն դատապարտել է լրագրողի և օպերատորի վրա կատարված հարձակումը

ՀՌՀ-ն դատապարտել է լրագրողի և օպերատորի վրա կատարված հարձակումը

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատապարտել է դեկտեմբերի 24-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա Հովտաշատ գյուղում կատարված հարձակումը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հանձնաժողովը կարևորում է քրեական հետապնդման իրականացումը տվյալ միջադեպի կապակցությամբ և հույս է հայտնում, որ հարձակման հրահրիչներն ու իրականացնողները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու լրագրողների հանդեպ բռնությամբ ուղղորդվող այդ արարքի քննությունը:

Միաժամանակ, հանձնաժողովը, որպես հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող անկախ պետական մարմին, ցանկանում է հրավիրել հեռարձակող ընկերությունների ղեկավարների ուշադրությունը հետևյալի վրա: Երբ խմբագրության հանձնարարությամբ լրագրողները մեկնում են լուսաբանելու կոնֆլիկտային իրավիճակներ և կարող են հայտնվել թշնամաբար տրամադրված մարդկանց միջավայրում, հեռարձակվող լրատվամիջոցների պատասխանատուները պարտավոր են նախապես ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները լրագրողների անձնական անվտանգությունն ապահովելու համար: Այդպիսի միջոցների թվում են իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելը, լրագրողների նախնական հրահանգավորումը, իրավաբանների ուղեկցությունը և այլն:

Հանձնաժողովը, կարևորելով հեռարձակող լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը, նաև կոչ է անում հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերին, բաժնետերերին՝ չմիջամտել լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը, չօգտագործել լրատվամիջոցները որպես սեփական տնտեսական շահերի սպասարկման գործիք, առավել ևս երբ այդպիսի մտադրությունները կարող են վտանգել լրագրողների անվտանգությունը:

Հանձնաժողովը հույս ունի, որ այժմ մշակվող տեսալսողական ծառայությունները կարգավորող օրենքի նախագծում տեղ կգտնեն այն իրավական նորմերը, որոնք կապահովեն հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը և էականորեն կնվազեցնեն խմբագիրների ու լրագրողների վրա ոչ իրավաչափ ճնշումների և պարտադրանքի հնարավորությունները»: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում